Հոկտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել  Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ։

ԼՂՀ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Գենադիե Պետրիկան  /Մոլդովա/, ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը /Մեծ Բրիտանիա/ եւ ԵԱՀԿ նախագահության ներկայացուցիչ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աշխատակից Կլաուս Քելլերը:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը /Շվեդիա/։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: