Ռուսաստանն ավանդաբար առաջատար է Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների գումարի առումով: Այս ֆոնին մեկ այլ փաստ է թաքնվել. մեր երկրից որոշակի գումարի արտահոսքը բաժին է ընկել նույն Ռուսաստանին:

Հայտնի է, որ վերջին տարիներին Ռուսաստանից դրամական փոխանցումների հոսքը զգալիորեն կրճատվել է: Այս ոլորտում հետընթացի առաջին նախանշաններն ի հայտ եկան դեռեւս 2014 թվականին, այդ պատճառով որպես համեմատության հիմք վերցնենք դրան նախորդող տարին: Եվ այսպես. 2013-2015 թվականներին Ռուսաստանից Հայաստանի մասնավոր դրամական փոխանցումների կրճատվել է 726.5 մլն դոլարով (կամ 42%-ով):

Իհարկե՝ սրանում զարմանալի ոչինչ չկա: Դրամական փոխանցումների հոսքի անկումը կապված է Ռուսաստանի տնտեսությունում ճգնաժամային երեւույթների հետ, այդ թվում՝ դոլարի հանդեպ ռուսական ռուբլու դիրքերի թուլացման: Զարմանալի է մեկ այլ փաստ. նույն ժամանակահատվածում Ռուսաստան դրամական հոսքն ավելացել է 47.3 մլն դոլարով (կամ 20.1%-ով): Արդյունքում դրամի ներհոսքի եւ արտահոսքի միջեւ դրական հարաբերակցությունը նվազել է՝ 7.3-ից հասնելով 3.5 անգամի:

Սա շարունակվել է նաեւ ընթացիկ տարվա հունվար-հուլիսին: Ընդամենը մեկ տարվա ընթացքում Ռուսաստանից դրամական փոխանցումների հոսքը կրճատվել է 1.2 անգամ, իսկ արտահոսքը՝ հակառակը, ավելացել է 1.3 անգամ: Արդյունքում ներհոսքի եւ արտահոսքի միջեւ հարաբերակցությունը կրճատվել է՝ հասնելով 2.4 անգամի:

Իսկ որո՞նք են Ռուսաստան դրամական փոխանցումների հոսքի ավելացման պատճառները: Ռուսաստանից սեզոնային աշխատանքային միգրանտների տարբերակը միանգամից կարող ենք բացառել: Չնայած այստեղ որոշ նրբություն կա:

Մենք մի շարք կոմերցիոն ընկերություններ ունենք, որտեղ Ռուսաստանից մասնագետներ են աշխատում: Շատերի աշխատավարձը, հատկապես՝ ղեկավար օղակների ներկայացուցիչների, բավական բարձր է: Չի բացառվում, որ նրանք աշխատավարձի մի մասը փոխանցում են Ռուսաստանում մնացած իրենց ընտանիքներին: Բայց մի՞թե Ռուսաստան դրամ փոխանցողների թիվը կամ նրանց աշխատավարձն այդքան ավելացել է: Նկատենք, որ հունվար-հունիսին Հայաստանից Ռուսաստան մեկ փոխանցման միջին մեծությունը տարեկան կտրվածքով ավելացել է 1.6-1.7 անգամ:

Արտահոսքում զգալի մաս են կազմում կոմերցիոն նպատակով փոխանցումները: Ասենք՝ Ռուսաստանում ապրանքների գնման, իսկ հետո Հայաստանում վաճառքի համար: Սակայն, դատելով պաշտոնական տվյալներից, մեզ մոտ ապրանքների իրացման տեմպերը դանդաղել են: Չի բացառվում նաեւ հետեւյալ տարբերակը. Ռուսաստանում անշարժ գույք գնելու հարցում մեր որոշ քաղաքացիների հետաքրքրության աճը, քանի որ, ասենք, բնակարանների գները դոլարով զգալիորեն նվազել են:

Սմբատ Գրիգորյան