Անհայտ կամավորը Բուլղարիայի Պատմության թանգարանին է հանձնել հին հունական Ապոլոն աստծու քարե քանդակի գլուխը, որը գտել էր Ստարա–Զագորա քաղաքի շրջանում կարտոֆիլի դաշտը մշակելիս, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Գլուխը կրում է արխայիկ մշակույթի հետքը։ Այն կերտել են մ.թ.ա. 6-րդ դարում։ Գտածոն հիանալի պահպանվել է եւ հնարավորինս արագ կհայտնվի մեր ցուցանմուշներում»,– ասել է թանգարանի տնօրեն Բոժիդար Դիմիտրովը։
Գիտնականը նշել է, որ առաջին անգամ թանգարանում հայտնվել է պահպանված քթով նմուշ։
«Երբ քրիստոնյաները ջարդում էին հնագույն աստվածների արձանները, ապա որպես կանոն՝ մուրճով հարվածում էին դրանց դեմքին՝ կոտրելով քիթն ու ծնոտը։ Մեր դեպքում, ըստ երեւույթին, հարվածել են պարանոցին, եւ դեմքն ամբողջովին պահպանվել է, ինչը գտածոն առավել եւս թանկարժեք է դարձնում»,– ասել է նա։
Կարտոֆիլի բերքը հավաքելուց հետո տեղանքը մանրամասն կուսումնասիրվի։




























