Թող պետությունը բյուջեից տարեկան 700 մլն դոլար չգողանա, իսկ այդ փողով ապահովի թոշակառուներին: Այս մասին հոկտեմբերի 5-ին խորհրդարանում կառավարական ժամին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:.

Նրա խոսքով՝ Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 14 հազար դրամ է, միջինը՝ 35,8 հազար դրամ (մոտ 75 դոլար – խմբ.): Այդպիսի կենսաթոշակով անհնար է ապրել, եթե այն համեմատենք նվազագույն սպառողական զամբյուղի հետ:

Նշենք, որ աշխատանքային միջին թոշակը 2016-ի պետական բյուջեով կազմում է 41 հազար դրամ (ընթացիկ փոխարժեքով 86 դոլար): Համեմատության համար. Ազգային վիճծառայության տվյալներով՝ 2016-ի երկրորդ եռամսյակում նվազագույն սպառողական զամբյուղը կազմել է 55,7 հազար դրամ (120 դոլարից փքր-ինչ պակաս): Բյուջեից աշխատանքային թոշակների համար ծախսվում է 198 մլրդ դրամ կամ մոտ 420 մլն դոլար: Հայաստանում կա գրեթե 460 հազար թոշակառու: Նրանց թոշակը նվազագույն զամբյուղին համապատասխանեցնելու համար հարկավեր է եւս 290 մլն:

«Որտեղի՞ց վերցնել այդ փողը: Հայաստանի Վերահսկիչ պալատը հրապարակում է չարաշահումների ընտրովի ստուգումների տվյալները: Եթե այդ չարաշահումները տարածենք ամբողջ բյուջեի վրա, կստացվի, որ տարեկան գանձարանից գողացվում է 700 մլն: Վերջ տվեք դրան եւ թոշակառուներին արժանավայել կյանք ապահովեք»,- կոչ է արել Զուրաբյանը:

Ի պատասխան աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել է, որ սոցիալական ապահովման հարցերը նոր կառավարության ծրագրում պատշաճ կերպով կներկայացվեն: «2017 թվականին թոշակների բարձրացում նախատեսված չէ, բայց կառավարությունը հարցերի նոր լուծումներ կառաջարկի: Չպետք է մոռանալ նաեւ թոշակառուներին տրամադրվող ոչ նյութական աջակցության մասին»,- ասել է Ասատրյանը: