Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում նախօրեին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջամբուլատ Խաթուովի հետ:

ՌԴ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջի տեղեկացմամբ` Ջամբուլատ Խաթուովը շնորհավորել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարին պաշտոնում նշանակվելու առթիվ եւ մաղթել արդյունավետ աշխատանք երկրի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները, այդ թվում` նաեւ Հայաստանում ջերմոցային տնտեսությունների եւ ինտենսիվ այգիների զարգացման հարցը` տեղական պտուղ-բանջարեղենը դեպի ռուսաստանյան առեւտրային ցանցեր արտահանելու հնարավորությամբ:

Հանդիպումը կազմակերպվել է «Ոսկե աշուն-2016» 18-րդ ռուսաստանյան ագրոարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում: