Ամերիկյան գիտնականները նշում են, որ «Աննա Կարենինան» եւ «Մադամ Բովարին» հազիվ թե կօգնեն ավելի լավ հասկանալ փոփոխական կանացի հոգին, իսկ «Ոճիր եւ պատիժն» արդարություն եւ կարեկցանք չեն սովորեցնի:
Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը հերքում է նախկինում տարածված կարծիքը, թե գեղարվեստական գրականության ընթերցանությունը սոցիալական ինտելեկտ է զարգացնում (ուրիշներին հասկանալու ունակություն): Life-ի փոխանցմամբ՝ հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Personality and Social Psychology ամսագրում:
Գիտնականների փորձին մասնակցած 792 կամավորները որոշակի ժանրի գրքից՝ բեսթսելլեր, դասական գրականություն, հրապարակախոսություն, ոչ մեծ հատված են ընթերցել: Իսկ փորձի մասնակիցների մի մասն ընդհանրապես ոչինչ չի կարդացել:
Ընթերցումից հետո կամավորները սոցիալական, էմոցիոնալ եւ ընդհանուր ինտելեկտի թեստ են անցել: Որքան էլ զարմանալի է՝ ընթերցանությունը չի հանգեցրել ինտելեկտի բարելավման: Այսպիսով՝ եզրահանգումը, որ գեղարվեստական գրականությունն օգնում է ավելի լավ հասկանալ շրջապատին, չի հաստատվել:




























