2016–ի փետրվարի 15-ից դատարանի որոշմամբ սնանկ ճանաչված` «Վանաձոր քիմպրոմ»–ի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձի պարտքերը: Նրանք այսօր` հոկտեմբերի 6-ին, հավաքվել էին Կառավաչության մոտ` իրենց բողոքը հայտնելու:

«2010թ. նոյեմբերի 1-ից «Վանաձոր քիմպրոմի» կազմից հանվել է «Վանաձոր ՁԷԿ»-ը եւ ընդգրկվել «Ռեջիոն Էներջի» ՓԲԸ-ի կազմում: Ընկերությունը գործել է մեկ տարի եւ այդ ընթացքում կուտակել է 4 ամսվա աշխատավարձային պարտք, դա չի վճարել նաեւ լուծարումից հետո: Բացի այդ էլ «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ն այս տարի լուծարվելուց հետո չի վճարել 39 աշխատողի 4 ամսվա աշխաըավարձ»,- NEWS.am-ին ասաց ակցիայի  մասնակիցներից Հրաչիկ Մարտիրոսյանը:

Աշխատակիցները նշեցինք, որ նախկին վարչապետը խոստացել էր խնդիրը լուծել, սակայն ապարդյուն, այժմ հույս են կապում նորանշանակ վարչապետի հետ: Նրանք իրենց բողոքը նկարագրող նամակ հանձնեցին Կառավարություն` ուղղված վարչապետին: