Լեհաստանի Սեյմը վերջնականապես մերժել է սկանդալային քաղաքացիական օրինագիծը, որը երկրում աբորտների լիարժեք արգելք էր նախատեսում: Այսօր կայացած քվեարկության ընթացքում 352 պատգամավոր դեմ է քվեարկել օրինագծին, 58 պատգամավոր՝ կողմ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Օրինագծով առաջարկվում էր ամբողջությամբ արգելել աբորտը, իսկ այդ միջոցին դիմող կանանց ու բժիշկներին խստորեն պատժել՝ ընդհուպ մինչեւ քրեական գործերի հարուցում: Ընդ որում, բացառություն չէր նախատեսվում նույնիսկ պտղի լուրջ պաթոլոգիական խնդիրների դեպքում:
Այդ հարցի շուրջ խորհրդարանում եւ լրատվամիջոցներում բանավեճերն արագորեն լեհական քաղաքների փողոցներ անցան, բողոքի ակցիաներին տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցեցին: Իրադրության զարգացմանը հետեւում են նույնիսկ Եվրախորհրդարանում, որտեղ մի քանի կուսակցություններ առաջարկում են քննարկել Լեհաստանում կանանց իրավունքների հարցը:
Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն խոստացել է առաջիկայում օրենքի նախագիծ մշակել հաշմանդամ, սահմանափակ կարողություններով երեխաներ ունեցող ընտանիքների եւ հղիության ընթացքում բարդությունների բախվող մայրերի համար:
Ներկայում Լեհաստանում գործող օրենքն արգելում է առանց բժշկական հիմնավորման աբորտը: Բացի այդ, հղիությունը կարելի է ընդհատել այն դեպքում, եթե այն բռնաբարության հետեւանք է: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2015 թվականին Լեհաստանում 1044 աբորտ է արվել:




























