Գերմանական ընտանիքը Լեհաստանի Լյուբոմեժ քաղաքում գանձ է գտել 1952-ին պապիկի նկարած քարտեզով, հայտնում է Onet կայքը։

Երկու երիտասարդ գերմանացիներ Համբուրգից ժամանել էին գանձի հետեւից։ Քաղաքապետարանի կայքը հայտնում է, որ նրանց պապը որոշ ժամանակ ապրել է Լյուբոմեժում եւ աշխատել է որպես այգեպան, իսկ հետո հեռացել քաղաքից՝ նախապես թաղելով թանկարժեք իրերը։

Տղամարդիկ  տեղաբնակներից մեկից բահ էին խնդրել, ինչը կասկածեի էր թվացել կնոջ, եւ նա ոստիկանություն էր կանչել։ Իրավապահներն արգելել են աշխատանքներ իրականացնել նախքան պրոֆիլային գերատեսչությունից թույլտվություն ստանալը։ Իսկ երբ այդ թուղթը ստացել էին, ոստիկաններն ուղեկցել էին պեղումներին։

Քարտեզի վրա նշված վայրում 2 ճաքած կուժ են գտել, որոնց մեջ եղել են 19-րդ դարի ժամացույց, զարդեր, դրամներ եւ 1935 թվականի ծխախոտատուփ։ Բոլոր իրերն ուղարկել են փորձաքննության։ Եթե պարզվի, որ դրանք պատմական արժեք են ներկայացնում, դրանք կուղարկեն թանգարան։