Ի պաշտպանություն ազատ խոսքի եւ «Ա1+»-ի մասնակցությունը հեռարձակման արտոնագրերի մրցույթին ապահովելու համար` ստեղծվել է «Ժողովրդական հեռուստասեսություն» հիմնադրամ:

Հիմնադրամի ստեղծման նպատակն այն է, որ յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունենա իր ներդրումն ունենալ «Ա1+»-ի գործունեության աջակցման գործում, դա համարելով աջակցություն Հայաստանում ազատ եւ անկախ, ժողովրդական հեռուստաընկերություն ունենալուն:

Հիմնադրամն ունի 9 հոգանոց հոգաբարձուների խորհուրդ, որը կազմակերպելու է դրամահավաք-արշավ:

Խորհրդում ընդգրկված են Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Ինտերնյուս» ՀԿ գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, 2001-2007 թվականներին ՀՌԱՀ անդամ, արձակագիր Կարինե Խոդիկյանը, դերասան Կարեն Ջանիբեկյանը, «ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը, Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կլինի յուրահատուկ վերահսկող մարմին եւ պատվիրատու, ով ժողովրդի ծրագրային պատվերը կհասցնի եւ եւ դրա կատարումը կպահանջի «Ա1+»-ից:

Նախաձեռնողները նշում են, որ այս դեպքում կարեւորը ոչ այնքան հաշվեհամարին փոխանցվելիք գումարի չափն է, այլ մասնակիցների քանակը:

Հիշեցնենք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը արտոնագրերի մրցույթների արդյունքները հրապարակելու  են դեկտեմբերի 16-ին: Հեռարձակման արտոնագիր ստացողները իրավունք կստանան եթերում լինել 10 տարի: