ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում մայիսի 29-ին  հանկարծամահ եղած 19-ամյա Սուրեն Մոսիյանի նախաքննությունից հարազատները դժգոհ են։ NEWS.am-ի հետ զրույցում տիկին Անժելան ասաց, որ ի որդու մահից 6 ամիս անց, դեռ ոչինչ չի պարզվել։

«Ոչ մի բան չի պարզվել, չեմ հասկանում՝ նախաքննությունն ինչու է այսքան ձգձգվում»։

Սուրեն Մոսիյանի մայրը պահանջում է պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, որոնք իր տղային հիվանդ վիճակում զորակոչել են բանակ: Մահացած զինծառայողի մոր խոսքով՝ Սուրենն ունեցել է երիկամների խնդիր, ողնաշարի ճողվածք է ունեցել, որի հետեւանքով էլ ծառայության ընթացքում 4 անգամ պառկել է հոսպիտալում։

Հիշեցնենք, որ Սուրեն Մոսիյանը Բաքվից գաղթած փախստականի ընտանիքից էր։ Սուրենն իր մոր, եղբոր ու քրոջ հետ բնակվում է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ սոցիալապես ծանր պայմաններում։ Նա ընտանիքի կրտսեր երեխան էր։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 29-ին` ժամը 22:00-ի սահմանում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում հանկարծամահ է եղել զինծառայող, 1997թ. ծնված Սուրեն Արմենի Մոսիյանը:

Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: