Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում խաղողի բերքն այնքան սակավ է, որ այն չեն մթերում։ NEWS.am-ի հետ զրույցում քաղցրաշենցիներից Սաշիկը պատմեց, որ արտահանող անհատների եւ կազմակերպությունների միջոցով խաղողի բերքը արտահանում են Ռուսաստանի Դաշնություն, հարեւան Վրաստան.
«Խաղողի բերքը մոտ 50 տոկոսով այս տարի պակասել է, բավականին սակավ է, շատ քիչ քանակով արտահանում ենք հարեւան երկրներ, իսկ այն բերքը, որի որակը վատ է կամ օղի են թորում, կամ էլ՝ վաճառում»,-ասաց նա։
Խաղողագործը նշեց, որ քաղցրաշենցիների մեծ մասը դեռ անցած տարի մթերած խաղողի գումարը չի ստացել. նրանք մինչեւ հիմա հույսով սպասում են իրենց գումարին։ Գործարանները դեռ մոտ 70 միլիոնի պարտք ունեն քաղցրաշենցի խաղողագործներին:
Նշենք, որ քաղցրաշենցիները եւ հարակի գյուղերի խաղողագործները պարբերաբար բողոքի ցույցեր են կազմակերպել կառավարության մոտ` պահանջելով իրենց պարտքերը: Խաղողագործները վերջին անգամ բողոքի ցույց արեցին մայիսի 26-ին, նախագահական նստավայրի մոտ:




























