Վերջին տարիների ընթացքում արդարադատության ոլորտում բարեփոխումների նպատակով Եվրոպական միությանը 46 միլիոն եվրո է տրամադրել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Եվրոպայի խորհրդի (ԵԽ) եւ Եվրոպական միության (ԵՄ) կողմից Հայաստանի համար նախատեսված ծրագրերի միջնաժամկետ արդյունքները ներկայացնելիս ասաց Հայաստանում ԵՄՊ գրասենյակի քաղաքական, տնտեսական մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը:

«Մենք այդ գումարը հատկացրել ենք բարեփոխումների համար: Աշխատում ենք տարբեր միջոցներով: Առաջինը այն է, որ Եվրոպական միության եւ Հայաստանի կառույցները կիսում են իրենց փորձառությունը, 2-րդը տեխնիկական աջակցությունն է, օրինակ՝ այդ կերպ կառուցվել կամ վերակառուցվել են դատարանի շենքեր, օրինագծեր են մշակվել: Երրորդը բյուջետային սեկտորն է»,- ադյունքները ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում մանրամասնեց Դիրկ Լորենցը՝ նշելով, որ այս ոլորտում կարելի է խոսել առաջխաղացման մասին, բայց, միեւնույն ժամանակ, մենք պետք է շարունակել պայքարը կոռուպցիայի դեմ:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի խոսքով՝ հատկացված գումարներով փոփոխություններ են իրականացվել՝ այդ թվում  քրեական օրենսգիրքն է փոխվել:

«Քրեական օրենսգրքի էական փոփոխությանն է այն, որ քրեական պատժի տեսակներն են փոխվում: Ամենակարեւորն այն է, որ մենք դատապարտյալին նախապատրաստենք ազատության: Հիմնական նպատակն է լինելու, որ դատապարտյալին ապահովենք գիտելիքով, կրթությամբ, համապատասխան հոգեբանական աջակցություն տրամադրենք»,- ասաց նա:

Սուրեն Քրմոյանի խոսքով՝ քրեական դատավարության օրենսգրքում էլ փոփոխությունների առումով շեշտը դրվում է ազատազրկման հետ չկապված խափանման միջոցների վրա:

«Մինչդատական փուլում բացառիկ դեպքերում է լինելու ազատազրկումը որպես խափանման միջոց: Մարդու իրավունքների ոլորտում բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում, փորձում ենք վերացնել խորհրդային տարիներից խնդիրները»,- ասաց նա: