Արմավիրի մարզում այս տարվա մայիսին եւ հուլիսին տեղացած ուժեղ կարկուտից գյուղացիներին հասցված վնասի չափը կազմել է շուրջ 20 մլրդ դրամ: Այս մասին NEWS.am-ին ասաց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը:

«Այժմ քննարկվում է հարցը, թե ինչքան փոխհատուցում կստանան գյուղացիները: Դեռեւս վերջնական որոշում չկա»,- ասաց Արթուր Այվազյանը:

Նշենք, որ Արմավիրում միայն այս տարի երկու անգամ ուժեղ կարկուտ է տեղացել: Մայիսի 23-ին տեղի ունեցած ուժեղ քամու եւ կարկուտի պատճառած վնասի հետեւանքները վերացնելու համար Կառավարությունը հունիսին որոշել էր 51 միլիոն դրամ հատկացնել: 

Երկրորդ անգամ ուժեղ կարկուտ Արմավիրում տեղացել է հուլիսի 10-ին, երբ վնասվել էր 47 համայնքի բերքը: Ըստ նախնական հաշվարկի՝ կարկուտից վնասվել է 5 հազար 6 հարյուր 37 հա տարածք՝ 8 հազար 6 հարյուր 62 գյուղատնտեսական տնտեսություն: Խաղողը վնասվել է 40-100 տոկոսով, պտուղը, բանջարեղենը, բոստանը՝ 30-100 տոկոսով: Նշենք, որ տանիքները վերանորոգելու համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 21 մլն 857 հազար դրամ: