Հանրային գերակա շահ ճանաչված՝ Երեւանի Պուշկին 10 հասցեում գտնվող «Դոլմամա» ռեստորանի գործով ապրանքագիտական նոր փորձաքննության արդյունքները դեռ չեն ստացվել եւ սեփականատեր Ժիրայր Ավանյանը կարծում է՝ ձգձգման պատճառը որոշակիության պակասն է:
«Որոշակիության պակաս կա, ոչ մեկ չգիտի՝ ինչ որոշում կայացնել: Ինչ որոշում էլ լինի՝ չեն քանդելու, կարծում եմ: Ես իմ համար գլուխս կախ իմ գործով եմ զբաղվում»,- ասաց Ժիրայր Ավանյանը:
Նշենք, «Դոլմամա» ռեստորանի սեփականատիրոջ դեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության ներկայացրած օտարման հայցի քննությունն արդեն մոտ 8 ամիս է՝ կասեցվել է, անցկացվում են ապրանքագիտական նոր փորձաքննություններ տարածքի համար տրվող փոխատուցման չափը վերանայելու նպատակով:
Հիշեցնենք, որ 2008 թ. օգոստոսին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, Պուշկինի 8 եւ 10 հասցեում գտնվող տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ: Տարածքը ձեռքբերող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը, սակայն, առ այսօր իրականացնում է առկա գույքերի ձեռքբերման գործընթաց, եւ տարածքի կառուցապատման հետ կապված որեւէ նախագիծ մինչ օրս չի ներկայացրել Երեւանի քաղաքապետարան: Ըստ քաղաքապետարանի՝ տվյալ տարածքի շենքերի քանդման կամ ապամոնտաժման թույլտվություններ չեն տրամադրվել:




























