Պետական եկամուտների կոմիտեն իրավախախտման հետաքրքիր սխեմա է բացահայտել, ըստ որի, տնտեսվարողն արհեստականորեն նվազեցնելով իրացման արժեքները, խուսափել է խոշոր չափի հարկային պարտավորությունների կատարումից:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հատկանշական է, որ իրավախախտը նախկինում աշխատել է ՊԵԿ համակարգում, ինչը ենթադրում է, որ նա, օգտագործելով գիտելիքները եւ տիրապետելով  ՊԵԿ աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններին, կարողացել է հմտորեն ծրագրել օրենքը շրջանցելու մի շարք եղանակներ՝ հարկերից խուսափելու նպատակով:

Պետական եկամուտների կոմիտեի դիտակետում ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ հսկողությունն է: Որոշ տնտեսվարողներ սահմանին օգտվելով գործընթացի ազատականացումից, իրացման շուկայում են փորձում շրջանցել օրինական դաշտը:

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 2-րդ բաժնի պետ, գնդապետ Գարիկ Դարբինյանի տեղեկացմամբ` օպերատիվ հետախուզության վարչությունն, այդ թվում 2-րդ բաժինն առանձնակի հսկողություն է իրականացնում ԵԱՏՄ-ից ներկրվող ապրանքների ներմուծման եւ իրացման ամբողջական շղթայում խախտումների հայտնաբերման ուղղությամբ. «Ամենատարածված տիպային սխեմաներից է, օրինակ, երբ որոշ տնտեսվարողներ ձեռքբերման փաստաթղթերում ցույց են տալիս  ոչ հավաստի կամ էապես ավելի ցածր գներ, քան, ասենք կարող է լինել  ապրանքի իրական ձեռքբերման արժեքը»:

ՕՀՎ 2-րդ բաժնի աշխատակիցները ՌԴ-ից տարատեսակ ապրանքների ներմուծմամբ եւ իրացմամբ զբաղվող Գագիկ Ավդալյանին պատկանող «Գալինա» ՍՊԸ-ում ստուգմամբ աննխադեպ խախտում են հայտնաբերել: Ըստ Գարիկ Դարբինյանի, բացահայտվել է, որ «Գալինա» ընկերությունը ներմուծված ապրանքներն իրացնում է մեծ խմբաքանակներով եւ տարբեր քաղաքացիների անուններով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի միջոցով: «Սակայն քաղաքացիների անձնագրային տվյալների վերաբերյալ հարցումներից պարզվել է, որ նման քաղաքացիներ ՀՀ-ում չկան: Իրացման  փաստաթղթային գները նույնպես հավաստի չեն»,-տեղեկացրել է ՕՀՎ 2-րդ բաժնի պետը:

Այսպես, ՀՀ ներքին շուկայում նվազագույնը շուրջ 600 ՀՀ դրամ արժեք ունեցող 1 լիտր արեւածաղկի ձեթի իրացման գինը տնտեսվարողը հաշվապահորեն ձեւակերպվել է 65 ՀՀ դրամ, շուրջ 1.500 ՀՀ դրամ արժեք ունեցող 1 կգ կարագի գինը՝ 200-250 ՀՀ դրամ, շուրջ 650-700 ՀՀ դրամ արժեք ունեցող 1 կգ ոսպի գինը՝ 85 ՀՀ դրամ: Ի դեպ, Գագիկ Ավդալյանը հիմնադրել եւ ղեկավարում է նմանատիպ գործունեությամբ զբաղվող եւս 4  ընկերություն` «ԼԼԼ Ստարտ», «Դանի Պլյուս», «Գալինա», «Լիգա Տրանս», «Գագ Թրեյդ» ՍՊԸ-ները: Բոլոր ընկերություններում էլ ներկայում ստուգումներ են իրականացվում օպերատիվ հետախոսուզության վարչության  մյուս ստուրաբաժանումների կողմից:

Գագիկ Ավդալյանն իր կողմից ղեկավարվող ընկերությունների միջոցով, ըստ ՊԵԿ քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Ռաֆայել Մկրտչյանի, ներմուծված ապրանքների վերաբերյալ հարկային տեսչություններ է ներկայացրել ավելացված արժեքի հարկի հաշվարկներ, որոնցում որպես այդ ապրանքների ձեռք բերման գին նշել է ՌԴ-ից ստացված մաքսային հայտարարագրերում արտացոլված արժեքները՝ դրանցից հաշվարկելով ԱԱՀ: Բացի այդ, Գագիկ Ավդալյանը «Գալինա» ընկերությունով Երեւանի «Սուրմալու» տոնավաճառում վարձակալելով տաղավար` ստացել է ՀԴՄ սարք, որով, ընկերության կողմից ներկրված ամբողջ տեսականին որպես իրացում ցույց տալու նպատակով կատարել է կեղծ գործարքներ, սական քննությամբ պարզվել է, որ տաղավարում վաճառվել են միայն սպիտակեղեն  ու անկողնային պարագաներ: Ներկայում ընկերությունում ստուգումը կասեցված է, ձեռքբերված տեղեկությունները եւ հաշվարկները ուղարկվել են քննչական մարմին: Կատարվում է  նախաքննություն: «Քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Գագիկ Ավդալյանն իր կողմից ղեկավարվող ընկերությունների հարկային բեռը շուրջ 10 անգամ արհեստականորեն նվազեցնելու՝ հետեւաբար նաեւ դրանից ծագող հարկային պարտավորությունները թաքցնելու միջոցով խուսափել է խոշոր չափերի հարկային պարտավորությունների կատարումից»,- նշել է ՊԵԿ քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Ռաֆայել Մկրտչյանը:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ նման անօրինական գործողություններից. «Վստահեցնում եմ, որ հատկապես անբարեխիղճ տնտեսվարողները մշտապես մեր դիտակետում են եւ նրանց նկատմամբ շարունակելու ենք խիստ եւ հետեւողական հսկողությունը»,-ընդգծել է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 2-րդ բաժնի պետ, գնդապետ Գարիկ Դարբինյանը: