«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացած կալանավոր Մխիթար Սարգսյանին ինքնասպանության հասցնելու հոդվածով հարուցված քրեական գործի քննությունը կասեցվելուց երկու ամիս անց վերսկսվել է, մահացածի կինը կրկին հարցաքննվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մխիթարի կինը՝ Սաթենիկ Հովսեփյանը:
«Մեր բողոքներից հետո վերաբացվեց գործը: Հիմա նորից քննություն է ընթանում, ինձ կանչել են հարցաքննության: Կրկին հարցաքննեցին, բացեր կային, լրացրին բացերը»,- ասաց Սաթենիկ Հովսեփյանը:
Մահացածի կինը նշեց, որ ինքը պայքարելու է, որ բացահայտվի գործը, քանի որ վստահ է, որ ամուսինը ինքնասպանություն չի գործել: Նա ամուսնու հետ դեպքից ժամեր առաջ է խոսել: Ամուսինը պատմել է, որ իրեն ճնշում են, ստիպում են խոստովանել, թե ծեծել է կալանավորվածներից մեկին, սակայն չի արել: Կինը կասկածներ ունի, որ ամուսնուն սպանել են հենց այդ բանի համար:
Հիշեցնենք, որ դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել էր, որ մահը վրա է հասել կախվելու հետեւանքով, փորձագետը նշել էր, որ Մխիթար Սարգսյանը կարող էր ինքը կախել իրեն, կամ կարող էին նրան կախել:
Մխիթար Սարգսյանի մարմնի վրա վնասվածքներ էին հայտնաբերվել, որոնք առաջացել են կենդանության օրոք: Քրեական գործը կասեցվել էր մեղադրյալի հայտնի չլինելու պատճառով:
Մխիթար Սարգսյանը 1 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման էր դատապարտվել իր որդու ընկերոջը՝ 12-ամյա Մարտինին ծեծելու համար: Մարտի 1-ին նրան կախված էին գտել ՔԿՀ-ի լոգարանում: Նրա պատժաժամկետը մի քանի օրից լրանալու էր:




























