«Բյուջեներին անուններ տալը խորհրդանշական բան է. 2011 թվականի բյուջեն անվանել ենք «հնարավորությունների առավելագույն օգտագործման կամ հետճգնաժամային բյուջե». որակական առումով սա բյուջե է, որտեղ մեր պետությունը չի կարող չանել այն գործառույթները, որոնք նշված են դրանում»,- հոկտեմբերի 19-ին լրագրողների հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը։

Նրա խոսքով, հետճգնաժամային բյուջե ասելով՝ չի նշանակում, թե մենք հաղթահարել ենք ճգնաժամի բոլոր բացասական միտումները եւ հետեւանքերը։ «Սոցիալական գործոնը 2011- բյուջեում մեծ է այնքանով, որքանով մեր ազգաբնակչության մեծ մասն ունի փոքր եկամուտներ, եւ պետությունը պետք է անի այնպես, որ այս մարդիկ կարողանան գոյատեւել։ Սա բյուջե է, որով պետք է արվի այն, ինչ մինչ այժմ չի արվել»,- ասաց Բոստանջյանը։

Անդադառնալով գնաճի երեւույթին՝ նա նկատեց, որ այն նկատվում է հիմանականում «փոքր տիրույթներում, ինչպես նաեւ մեր երկրում, ուր ճոխ հնարավորություններ չկան եւ ամենատարբեր տատանումները բերում են գնաճի կտրուկ փոփոխությունների, որից առավել տուժում են խոցելի խավերը»:

«2011-ին նախատեսվում է 5,7 տոկոս գնաճ։ Դրանից ցածր գնաճ դժվար թե ունենանք»,- համոզմունք հայտնեց ԱԺ պատգամավորը՝ ավելացնելով, որ իշխանությունները գնաճը զսպելու որոշակի գործիքներ, այնուամենայնիվ, ունեն։ 

Ամփոփելով՝ Վրադան Բոստանջյանը նկատեց, որ 2011-ի բյուջեի առանձնահատկությունն այն է, որ 2010-ի բյուջեի համեմատությամբ, 4,6 տոկոս տնտեսական աճ է նախատեսում։ «Նույն ընդհանուր համախառն եկամուտի աճի չափով՝ 4,6 տոկոսով նախատեսվում է արդյունաբերության աճ։

Գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա 18 տոկոս անկման դիմաց այս տարի նախատեսվում է 10 տոկոս աճ։ Փոփոխություններ են նախատեսվում նաեւ զբոսաշրջության եւ տնտեսության դիվերսիֆիկացման ոլորտներում։ Կասկած չկա, որ «Բարգավաճ Հայաստանը», լինելով կոալիցիոն ուժ, կպաշտպանի այս բյուջեն, որովհետեւ չպաշտպանելու առիթ չունի»: