Ադրբեջանում նեղացել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիից ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հայտարարության համար:

ԱՊԱ գործակալությանա փոխանցմամբ՝ Նախարարների կաբինետի նիստում ունեցած ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Ամերիկայից վերջին հայտարարությունները, մեղմ ասած, զարմանք են առաջացնում»:

«Առնվազն անամոթություն է Ադրբեջանին հակամարտությունը կարգավորելու ցանկության բացակայության մեջ մեղադրելը»,- նեղացած հայտարարել է Ալիեւը:

Նրա կարծիքով՝ ասել «երկու կողմն էլ մեղավոր են, կողմերը պատրաստ չեն դրան, այս հարցը իսրայելա-պաղեստինյան հակամարտությունից էլ բարդ է», նշանակում է պարզապես սատարել Հայաստանի զավթողական քաղաքականությունը:

«Մենք չենք ընդունում նման հայտարարությունները: Կարծում ենք, որ դրանք պետք է արագորեն շտկվեն ամենաբարձր մակարդակով: Հակառակ դեպքում՝ միջնորդական առաքելությունը կարող է կասկած առաջացնել: Դա պաշտոնապես հնչած թեզ էր»,- սպառնացել է Ալիեւը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետեքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները պատրաստ չեն հակամարտության կարգավորմանը: