Ժամը 17։00-ի դրությամբ Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 42․05 տոկոս՝ 1 մլն 477 հազար 562 մարդ, հայտնում է «Սպուտնիկ Վրաստանը»՝ վկայակոչելով երկրի ԿԸՀ-ն։
Ընտրատեղամասերը աշխատելու են Թբիլիսիի ժամանակով մինչեւ 20։00։ Ընտրությունները վավերական են համարվելու ընտրողների ցանկացած մասնակցության դեպքում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են, խորհրդարանի 77 պատգամավորներ ընտրվելու են համամասնական համակարգով (կուսակցական ցուցակներով), իսկ 73-ը՝ մեծամասնական (միամանդատ օկրուգներով)։ Հիմնական պայքարը ծավալվել է վերջին չորս տարիներին իշխող «Վրացական երազանք- դեմոկրատական Վրաստան» կոալիցիայի ու նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու (հիմա Ուկրաինայում զբաղեցնում է Օդեսսայի նահանգապետի պաշտոնը, հայրենիքում նրան սպառնում է կալանք՝ հարուցված քրեական գործի շրջանակում) «Միասնական ազգային շարժման» միջեւ։




























