Հայաստանում տարեկան 1400 աղջիկ չի ծնվում՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով: Եթե հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների երեւույթը շարունակվի ներկա տեմպով, ապա, ըստ կանխատեսումների, մինչեւ 2060 թ. Հայաստանը կարող է կորցնել գրեթե 93,000 կին կամ ապագա մայր: Տարեկան չծնված նորածին աղջիկների թիվը մինչեւ 2060 թ.կարող է հասնել շուրջ 2,000-ի:

Հայաստանում նորածինների սեռերի անհամամասնությունը, բացասական ազդեցություն կունենա ընտանիք կազմելու հնրարավորության վրա եւ կարող է արտագաղթի հավելյալ խթան հանդիսանալ: Արդյունքում, աղջիկներին տղաներով փոխարինելու պատճառով, ՀՀ բնակչությունը մինչեւ 2060 կարող է նվազել հավելյալ շուրջ 80,000 մարդով:

Երեւանում այսօր՝ հոկտեմբերի 10-ին տեղի կունենա «Էյվա» արվեստների հիմնադրամը կողմից ստեղծված  «Մեկ Աղջնակի Պատմություն» պատկերապատման մեկնարկը՝ ուղղված սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարին: Շատերին հուզող այս թեման բարձրաձայվում է արվեստի լեզվով եւ յուրաքանչյուր ոք կարող է հանդիսանալ տարածող:

«Մեկ Աղջնակի Պատմություն» պատկերապատումը տարածվելու է անվճար Երեւանի հանրային վայրերում։

Սույն պատկերապատումը պատրաստվել է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։