Վարդենիսում 16-ամյա աղջկա սպանության համար տարիներ առաջ դատապարտված ամուսինների փաստաբան Սեդա Սաֆարյանը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ` բողոքելու Վճռաբեկ դատարանի ընթացակարգի դեմ:

«Հունիսի 24-ին կայացրած որոշումը մինչեւ հիմա չի ուղարկվել մեզ, ստորադաս ատյան, որ քննություն սկսվի: Դրույթ կա, որ ողջամիտ ժամկետում պետք է ուղարկի որոշումը, բայց սա արդեն ողջամիտ ժամկետ չի: Բողոք եմ ուղարկելու ՄԻԵԴ, որ անգամ Եվրոպական դատարանի արձանագրածից հետո մեր պետական դատարաններում բովանդակային առաջընթաց չի երեւում, մարդկանց խնդիրները արագացված չեն լուծում, չեն պահպանում ժամկետները»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանն իր հարցերի պատասխանը ստանալու համար նամակ է ուղարկել նաեւ Վճռաբեկ դատարան:

Վճռաբեկ դատարանը վերաբացման վարույթ էր սկսել, երբ տարիներ անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել էր, որ խախտվել են ամուսինների իրավունքները:

Ամուսինների՝ նախաքննության ժամանակ խոշտանգումների ենթարկվելու մասով գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան:

Նշենք, որ ամուսինները պնդում են, որ իրենք չեն սպանել 16-ամյա Սյուզաննային եւ իրենց դատապարտել են ծեծով ու խոշտանգումներով վերցրած ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա:

ՄԻԵԴ-ը վճռով Հայաստանի հանրապետությանը նաեւ պարտավորեցրել էր 62 հազար եվրո փոխհատուցում վճարել ամուսիններին: Նալբանդյանների ընտանիքը ստացել է փոխհատուցումը:

Դատարանն ապացուցված է համարել, որ 2004թ. անչափահաս Սյուզաննա Սարգսյանը գնացել էր իր համադասարանցու տուն, որտեղ վիճելով նրա մոր` Նարինե Նալբանդյանի հետ, ապակե շշով դեմքին մի քանի հարված էր ստացել: Ամուսինները մետաղալարով կապել էին ուշագնաց 16-ամյա Սյուզաննայի ձեռքերը, փակել բերանը, 5-6 ժամ թողել էին խոհանոցում, ապա, նրան կեսգիշերին նետել իրենց տնից ոչ հեռու գտնվող մազութի հորը, որտեղ էլ Սյուզաննան մահացել էր:

2005-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեղադրանքով Նարինե Նալբանդյանին դատապարտել էր 14,  Բագրատ Նալբանդյանին՝ 9 տարվա ազատազրկման: Հայաստանի դատական ատյանները նույնն էին թողել վճիռը: Ամուսինների փաստաբանը դիմել էր ՄԻԵԴ 2006 թ.: 2015թ. ՄԻԵԴ-ը կայացրել է որոշում:

Բագրատ Նալբանդյանն արդեն ազատության մեջ է, Նարինե Նալբանդյանի պատժի կրման ժամկետը կլրանա երեք տարուց: