Այսօր` հոկտեմբերի 19-ին Երեւանում կայացել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության կոմիտեի շրջանակներում ստեղծված «Տրանսպորտի, բնապահպանության, էներգետիկայի եւ միջուկային անվտանգության» հարցերով համագործակցության ենթակոմիտեի առաջին նիստը:
Հայաստանի էներգետիկայի նախարարությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ Ենթակոմիտեի համանախագահներն են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը եւ ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության (Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա եւ Հարավային Կովկասի երկրներ) հանձնաժողովի ստորաբաժանման ղեկավար Ջոն Կայերը:
Հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ ոլորտի վերջին զարգացումները, այդ թվում` Էներգետիկ ռազմավարության եւ քաղաքականության, գազի, էլեկտրաէներգիայի եւ նավթի ոլորտների, էներգետիկ անվտանգության եւ ենթակառուցվածքների, էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգետիկայի ընդհանուր զարգացումները:
Քննարկվել են նաեւ շրջակա միջավայրին, կլիմայական փոփոխություններին, քաղպաշտպանությանն առնչվող հարցեր, մասնավորապես` ՀՀ եւ ԵՄ շրջակա միջավայրերի ռազմավարության վերջին զարգացումները եւ կառավարումը, տեղեկատվության հասանելիությունը, հասարակության մասնակցությունը:
Ներկայացվեցին Հայաստանում ջրի որակի, օդի որակի, թափոնների կառավարման եւ բնապահպանության ոլորտային վերջին զարգացումները:




























