Դիանա Գուրցկայայի բարեգործական «Սրտի կանչով» հիմնադրամը՝ ս. թ. հոկտեմբերի 13-ին, Մոսկվայում անցկացնում է «Սպիտակ ձեռնափայտ» միջազգային 7-րդ բարեգործական փառատոնը: ՀՀ մշակույթի նախարարության մասնագիտական ընտրությամբ` փառատոնին Հայաստանից մասնակցում է Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի «Դասական վոկալ» բաժնի սան Գոռ Համբարձումյանը /ուսուցիչ՝ Հ. Գիժլարյան/:
Փառատոնի հիմնական նպատակն է կույր եւ մասնակի տեսողություն ունեցող երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու լիարժեք ինտեգրումը արդի գործընթացներում, ինչպես նաեւ նպաստել երեխաների բարոյահոգեբանական դրական մթնոլորտի ձեւավորմանը եւ կարծրատիպերի հաղթահարմանը:
Հայաստանից, նախորդ տարիներին փառատոնին մասնակցել են Երեւանի Ս. Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցի սան Մարգարիտ Խաչատրյանը /դաշնամուր, 2010 թ., 2011 թ./, Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի սան Արսեն Գեւորգյանը /երգեցողություն, 2012 թ./, Երեւանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի սան Հովհաննես Հովհաննիսյանը /երգեցողություն, 2014 թ./:




























