Հայաստանի ԱՆ  «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, հոկտեմբերի 7-ին,  տեղի է ունեցել դատապարտյալների կողմից պատրաստված իրերի ցուցադրություն, որին ներկա էին Արդարադատության նախարարության եւ Քրեակատարողական ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչները, «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը եւ կենտրոնի դասավանդող ուսուցիչները:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառումը քրեակատարողական վարչության հետ համատեղ կազմակերպվել էր վերոնշյալ ՊՈԱԿ-ի կողմից դատապարտյալների համար իրականացվող կրթամշակութային դասընթացների շրջանակում:

Ցուցահանդեսի նպատակը դասընթացների ժամանակ ձեռք բերված հմտությունների եւ որպես արդյունք` դատապարտյալների կողմից պատրաստված իրերի ներկայացումն էր:

Միջոցառման շրջանակներում 12 դատապարտյալներ ստացան վկայականներ:

Ելնելով դատապարտյալների կրթական զարգացման եւ կարիքների անհրաժեշտությունից՝ ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2016 թվականի փետրվարից «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացնում է հետեւյալ կրթամշակութային ծրագրերը

• ընդհանուր գրագիտություն

• համակարգչային հմտությունների ուսուցում

• խեցեգործություն, խեցեգործության ներկման եւ թրծման տեխնոլոգիա

• բրուտագործություն, զարդարվեստ եւ նկարչություն