Սաուդյան Արաբիայի իշխանությունները ոչ պաշտոնապես խոստովանել են, որ Էր Ռիադի գլխավորած կոալիցիայի օդանավերը հարվածներ են հասցրել հոկտեմբերի 8-ին Եմենի մայրաքաղաք Սանայում հուղարկավորության արարողությանը մասնակցողների ուղղությամբ: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Օդային հարձակման հետեւանքով առնվազն 140 մարդ է զոհվել, հիմնականում՝ քաղաքացիական անձինք, ավելի քան 500 մարդ վիրավորվել է: Առաջին հարվածին հետեւել է երկրորդը, որի արդյունքում տուժել են առաջին հարձակման զոհերին օգնող փրկարարները: Այս հարձակումն ամենաարյունալի միջադեպն էր այս երկրում պատերազմի երկու տարիների ընթացքում:

Թագավորությունը նաեւ համաձայնել է Սանայի հարձակման հետաքննությանը մասնակցելու՝ Մեծ Բրիտանիայի խնդրանքին:

Շաբաթ տեղի ունեցած հարձակումն այնքան սարսափելի եւ արյունալի էր, որ բրիտանական իշխանություններն արտասովոր քայլի են դիմել՝ պնդելով հետաքննությանն իր մասնակցության հարցում:

Առայժմ հայտնի չէ, արդյո՞ք ռազմական օդանավի օդաչուն ինքն է որոշել հարված հասցնել հուղարկավորության արարողության մասնակիցների ուղղությամբ, թե հրահանգ է ստացել բարձրագույն հրամանատարությունից:

Եմենի բուժհաստատություններում եւ զինվորական կառույցներում AP-ի աղբյուրները նշել են, որ վիրավորների եւ սպանվածների շրջանում շիա հուսի ապստամբների բազմաթիվ բարձրաստիճան ներկայացուցիչներ կային: