ԱՄՆ-ում պայքարում են «Մեթյու» փոթորկի հետեւանքների դեմ, որը լուրջ ավերածությունների եւ ջրհեղեղների պատճառ է դարձել: BBC-ի հաղորդմամբ՝ փոթորկից առավելապես տուժել է Հյուսիսային Քարոլինա նահանգը:

Լրատվամիջոցներն ԱՄՆ-ում զոհերի տարբեր թվեր են նշում: Reuters-ի տվյալներով՝ առնվազն 23 մարդ է զոհվել: ABC-ն էլ նշում է փոթորկի հետեւանքով 28 զոհի մասին: Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նրանցից 11-ը զոհվել է Հյուսիսային Քարոլինայում, մյուսները՝ Ֆլորիդայում: Այստեղ զոհվածների թվում 9-ամյա տղա կա:

NBC-ն իր հերթին հաղորդում է 30 զոհի մասին: Նրանցից 12-ը զոհվել է Ֆլորիդայում, ընդ որում՝ 3-ը փոթորկի արդյունքում, իսկ մյուսներն աղետի հետեւանքների զոհ են դարձել:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է դաշնային ֆոնդերից անհապաղ օգնություն ցուցաբերել Հյուսիսային Քարոլինային: Այստեղ շուրջ մեկ միլիոն մարդ առանց էլեկտրականության է մնացել:

Հյուսիսային Քարոլինայի իշխանությունների հաղորդմամբ՝ զոհերի թիվը կարող է աճել: Ջրհեղեղների վտանգն այստեղ կարող է պահպանվել մի քանի օր: