Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով այսօր` հոկտեմբերի 11-ին, ցուցմունք տվեց ծննդկանի եղբայրը: Մարտին Մարգարյանը նշեց, որ իր քրոջ եւ նրա երեխայի մահվան մեջ մեղավորն իր քրոջ հղիությունը վարող բժշկուհին է: Մարտին Մարգարյանը նշեց, որ Շուշանիկ Բախշյանն ընդամենը 6 ամսվա կուրսերի է գնացել,  նա գինեկոլոգ չի եւ պաթոլոգիայից ոչ մի բան չի հասկանում:

«Նրանց մեղքն ա, որ իմ քույրն ու երեխան այսօր մահացած են, երկուսի անգրագիտության պատճառով: Հուլիսի 23-ին ջերմություն է ունեցել Մերին, մայրս հորդորել է զանգել բժշկուհուն, որն ասաց, որ «պարացետամոլ» խմի: Ասաց` իբր տարածված վիրուս կա: բայց դրանից առաջ հայտնաբրվել էր, որ երեխայի քաշը հինգ հարյուր գրամ քիչ է: Նրան պետք էր ռիսկային բժիշկների ցանկ տեղափոխեին, բայց չարեց, որովհետեւ գիտակցում էր, որ ռիսկային տեղափոխվի` Մերիին բաց է թողնելու իր մոտից»,-ասաց նա:

Մարտին Մարգարյանը պատմեց, որ հաջորդ օրը կրկին Մերիի ջերմությունը բարձր է եղել, զանգել են բժշկուհուն, որը դժկամությամբ է պատասխանել. «Ջերմությունը բարձր էր, զանգեցինք բժշկուհուն, մեծ դժկամությամբ պատասխանեց, որ հիստերիկա ենք անում: Հուլիսի 24-ին պնդեցինք, որ հիվանդանոց տանենք, միջանցքում աթոռին նստեցրին Մերիին, անալիզներ արեցին: Բախշյանին փնտրեցինք, քնած էր ինչ-որ սենյակում,  որն հազիվ եկավ, ասաց` քո ժամանա՞կն է, որ եկել ես, երեք սուտկա է ծնունդ եմ ընդունում: Ասում ա` էս հարսանիք ա, որ տասներեք հոգով եկել եք, էս ինչ հիստերիկա է, ասում ա` մամոչկի նա վիխոդ, դուրս   եկեք ստեղից:  Հետո, ստուգեց, ասաց` չորս օրից կանցնի, ոչ մի խնդիր չկա, վիրուս է: Ամսի 24-ին Մերիի ջերմությունը բարձր էր ու ամեն անգամ հիվանդանոց գնալիս Շուշանիկն ասում էր` «պարացետամոլ» խմի նոր արի, դրա համար էլ, հիվանդանոցում  նրա ջերմությունն ավելի ցածր է եղել»,-ասաց նա:

Եղբայրը պատմեց, որ հաջորդ օրն իր քրոջ ջերմությունը եւս բարձր է եղել. « Զանգում ենք բժշկուհուն, ասում է` հերիք ինձ անհանգստացնեք, ասացի վիրուս ա, չորս օր համբերեք կանցնի, հետո ասում է` հիստերիկա եք բարձրացնում, դուք եք մեղավոր: Ասում էր` պատալոգիա չկա, ինչ դնեմ անունը, որ պառկացնեմ: Հետո, որ Մերիին պառկեցրին հիվանդանոց, մի կերպ կարողացանք համոզել, որ Մերիի մոտ մայրս մնա, առավոտյան շուտ զանգեց մայրս ասաց, որ Մերիի վիճակը վատացել է: Զանգել ենք Բախշյանին, ասել ենք, որ վատ է, ասում էր` հեսա կգամ, ես իրավիճակին տիրապետում եմ: Ասում էր` հեսա կանցնի, մի անհանգստացեք: Հետո Մերին կանչեց ինձ, ձեռքը դրեց ոտքիս, ասաց` ապեր մեռնում եմ, փրկի ինձ, ինձ էստեղ օգնություն ցույց չեն տալիս: Քիչ հետո Շուշանիկն եկավ դժկամ պահվածքով, Մերիին խփեց` ոտքերդ փակի, դու սենց երեխա չես ունենա: Մերին էլ ասաց` չէ կունենամ, էդպես մի ասա» ,-պատմեց նա:

Եղբոր խոսքով` պնդումներից հետո ծննդկանին տեղափոխել են  Վերակենդանացման բաժանմունք, որտեղ եւս ոչ մի օգնություն չեն ցուցաբերել: «Բախշյանը դռան մոտ նստած արագ ինչ-որ բան էր լրացնում, Մերին պառկած էր, ասում ա` ձեր մայրը որ կողքին էր` հիստերիկա էր բարձրացնում, բերել եմ, որ հանգստանա: Հետո որ բարձրացել էի Վերակենդանացման բաժանմունք, բժիշկներից Աշոտ Սիրունյանը ասում էր, որ կեսարյան է հարկավոր անել, բայց Շուշանիկն ասաց, չէ պետք չի: Մերիից ազատվելու համար հետո ասացին, որ արյան զեղում է մոտը, ու չգիտես ինչու ոչ ոք չէր կասկածում, որ արյան վարակ է:  Շտապօգնություն եկավ, Մերիին տեղափոխեցինք Էրեբունի, այդ ընթացքում Բախշյանն անընդհատ պնդում էր, որ Մերիի նման հղի չի ունեցել, շատ կապված է եղել,բայց անգամ մի հատ չհետաքրքվեց` ինչ եղավ Մերիի հետ: Էրբեունիում արագ անալիզներ արեցին եւ կարճ ժամանակ անաց կեսարյան արեցին ու տեղափոխեցին Վերակենդանացում, հաջորդ օրը քույրս մահացավ, հետո երեխան: Որ նոր էինք տարել, Անդրանիկ Պողոսյանը մոտեցավ ասաց, որ երկկողմանի թոքաբորբ են կասկածում, պետք է  առաջնահերթ պտղից ազատվել եւ զբազվել մոր առողջությամբ, դրա համար էլ արել էին կեսարյան հատում»,-պատմեց Մարտին Մարգարյանը:

Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսի 29-ին մահացած Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան մեջ մեղադրվում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը:

Նշենք, որ այս գործով երկու ամբաստանյալ կա՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանը եւ Անի Բաբելյանը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը: Շուշանիկ Բախշյանին եւ Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: