Երեւանում Նալբանդյան-Հանրապետության փողոցների հարակից վերակառուցված պուրակում, հոկտեմբերի 14-ին ժամը 11-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատանքի տոնավաճառին նախատեսվում է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող շուրջ 60 գործատուի մասնակցություն, որոնք կներկայացնեն 210 առկա եւ 30 սպասվելիք թափուր աշխատատեղեր:
Միջոցառման ընթացքում աշխատանք փնտրողները եւ գործատուները հնարավորություն կունենան ծանոթանալու Երեւանի աշխատաշուկայի զարգացման միտումներին, պետության կողմից առաջարկվող զբաղվածության աջակցման ծրագրերին, որոնք, մասնավորապես, ուղղված են աշխատաշուկայում անմրցունակ անձանց, նրանց՝ աշխատանք գտնելու հնարավորություններին:
Երեւան քաղաքում 2016թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմում է 16336, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 4.5%-ով (17107 մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 82.0%-ը կամ 13400 մարդ:
Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 74.8%-ը, կամ 10016 մարդ: Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը կազմում է 11936 անձ կամ 89.1%-ը:
Գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում ճարտարագետները, մանկավարժները, տնտեսագետները, բուժքույրերը, վարորդները, սպասարկման ոլորտի մասնագետները:




























