«Oxfam» կազմակերպության հայկական գրասենյակն արդեն երկրորդ անգամ է իրականացնում սիրիահայերի աջակցության ծրագիրը։ Այս մասին հոկտեմբերի 11-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ կազմակերպությունը հիմնականում լուծում է բնակարանի վարձի հետ կապված խնդիրները։ «Մենք անապահով սիրիահայերի ընտանիքներին գումար ենք հատկացնում բնակարանի վարձի համար, մոտավորապես երեք ամսվա համար՝ ամսական 60-80 հազար դրամի չափով։ Լինում են դեպքեր, երբ մենք բնակարանի վարձի համար գումար ենք հատկացնում մեկ ամբողջ տարվա համար»,– նշել է Հակոբյանը։

Վերջին ժամանակներս տեղեկություն է շրջանառվում, որ Հայաստան կժամանեն եւս 600 սիրիահայեր։ «Այդ թիվն աղավաղված է։ Սփյուռքի նախարարության տեղեկություններով՝ Հայաստան է ժամանել ընդամենը 4 նոր ընտանիք»,– ասել է Մարգարիտա Հակոբյանը։ Հայաստան ժամանելուն պես սիրիահայերին տեղյակ են պահում, թե ինչ կազմակերպություններ են զբաղվում նրանց խնդիրներով։