Իր համագյուղացի երեք տղաների նկատմամբ սուտ մատնություն կատարելու եւ նրանց իրեն բռնաբարելու մեջ մեղադրող Արտաշատի 20–ամյա բնակչուհու փաստաբանը Վերաքննիչ դատարան է դիմել։ Սուտ մատնություն տալու համար 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված աղջկա պաշտպանը պահանջում է բեկանել առաջին ատյանի կայացրած դատավճիռը կամ ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը համաձայն իր պաշտպանյալի նկատմամբ նշանակված պատիժը չկիրառել։
Նշենք, որ 20–ամյա աղջիկը ոստիկանություն հաղորդում էր տվել, որ իր համագյուղացի Վ.Գասպարյանն իր կամքին հակառակ հյուրանոցում սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, իսկ ավելի ուշ Լ.Եգանյանը եւ Դ. Համբարյանը՝ Աչաջուր գյուղում գտնվող իր տատիկի տան հետնամասում սեռական հարաբերություններ են ունեցել իր հետ:
Դատաքննության ընթացքում 20 ամյա աղջիկը պատմել է, երբ եղել է իր տատիկի տանը, իրեն զանգել է իր համագյուղացի Դ.-ն, անհանգստացրել, որից հետո ինքն ու իր տատիկը դիմել են ոստիկանություն։ Իսկ տուժող Լ.-ն սպառնացել է, որ իր նկարներն ունի եւ դրանք գյուղում կտարածի, որից հետո ինքը տատիկի տնից դուրս է եկել եւ Լ–ն բռնի ուժով տիրացել է իրեն։
Իսկ գործով տուժող Վ.-ն հայտնել է, որ ամբաստանյալի հետ սեռական հարաբերությունը եղել է իրենց երկուսի կամքով, ինչը տեղի է ունեցել մեկ անգամ` հյուրանոցում:
Դատարանը մեղավոր էր ճանաչել 20–ամյա աղջկան, սակայն նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք էր դիտել այն, որ նա նախկինում արատավորված չի եղել եւ անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար:




























