Խաղացողներին ցածր որակով եւ ձանձրալի բովանդակությամբ հիասթափեցրած տիեզերական No Man's Sky արկածային խաղը շարունակում է մեկը մյուսի հետեւից հակառեկորդներ սահմանել:

Այս անգամ Շոն Մյուրեյի ստեղծագործությունը դարձել է Steam խաղային հարթակի պատմության մեջ օգտատերերի կողմից ամենացածր գնահատված խաղը: Ինչպես հայտնում է GameSpot հարթակը, գեյմերային միջին գնահատականը վերջին երեսուն օրվա ընթացքում կազմել է ընդամենը 12%: Խաղի գոյության ամբողջ ընթացքում ընդհանուր userscore-ը հազիվ է անցնում 30%-ը:

Խաղային ֆորումներում շարունակվում են ձախողված խաղի վերաբերյալ քննարկումները: Հատկապես ակտիվ են այն խաղացողները, որոնք պահանջում են Hello Games ստուդիայից մեկնաբանություններ խաղի մասին: Հետեւելով ստուդիայի գլխամասային գրասենյակի ակտիվությանը՝ նրանք նկատել են, որ այն փակ է եւ աշխատողների շարժը իսպառ բացակայում է: Ընկերության ղեկավարները արդեն վաղուց սոցցանցերում խաղի վերաբերյալ հրապարակումներ չեն անում: Լուրեր են պտտվում, որ կոլեկտիվում վեճեր են բռնկվել, իսկ աշխատողներից շատերն էլ արդեն հեռացել են ընկերությունից:

Պատասխանելով օգտատերերի հարցերին՝ No Man's Sky-ի կոմպոզիտոր Փոլ Վեյրը նշել է, որ Շոն Մյուրեյի հետ ամեն ինչ կարգին է, իսկ խաղը ստեղծող թիմը զբաղված է աշխատանքով:

Հայտնի է, որ մինչեւ հոկտեմբերի վերջ Մյուրեյը խոստացել է մեծ հարցազրույց տալ եւ պատասխանել խաղացողներին անհանգստացնող բոլոր հարցերին: