Իրենց 5 ամսվա աշխատավարձը չստացած Բյուրեղավանի Glass World Company շշերի գործարանի աշխատակիցներին կառավարությունը չի կարող օգնել: Այսպիսի պատասխան են ստացել գործարանի աշխատակիցները, որոնք սեպտեմբերի 29-ին իրենց աշխատավարձի խնդիրը լուծելու խնդրով դիմել էին վարչապետ Կարեն Կարապետյանին։ NEWS.am-ի հետ զրույցում գործարանի աշխատակիցներից Սեւան Մանուչարյանը նշեց, որ արդարադատության նախարարից իրենց խորհուրդ են տվել դիմել դատարան։
«Կառավարություն նամակ-դիմում էինք ուղարկել, պարզվեց, որ այդ դիմում-նամակը վերահասցեագրվել է արդարադատության նախարարություն։ Այնտեղից պատասխանել են, որ իրենք իրավասու չեն եւ լիազորված չեն որեւէ հարց լուծել։ Նշել են, որ եթե կոնկրետ գործարանի կառավարչի դեմ բողոք ունենք, կարող ենք դատարան դիմել։ Արդարադատության նախարարությունը կոպիտ ասած ձեռքերը լվանում է։ Հետաքրքիր է՝ 150 աշխատակցի 5 ամսվա աշխատավարձ չտալը, նրանց իրավունքների ոտնահարումը կարող է համարվել, որ արդարադատության նախարարության իրավասություններից վեր հարց է»,-ասաց Սեւան Մանուչարյանը՝ նշելով, որ իրենք շարունակելու են իրենց պայքարը մինչեւ ստանան իրենց աշխատավարձը։
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Glass World Company ընկերության շուրջ 150 աշխատակցի 5 ամսվա աշխատավարձ չի վճարվել: Նրանք գործարանի դիմաց պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ իրենց աշխատավարձերի վճարման պահանջով:




























