Պարտադիր պայման չէ քաղաքական դաշտ մտնելու համար անբարոյականություն ցուցաբերել: Այս մասին այսսօր` հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` անդրադառնալով Վիկտոր Դալլաքյանի` հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարություններին:
«Առաջին անգամ չէ, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից եւ առաջին անգամ չէ, որ ընդդիմադիր քաղաքական ուժ է փորձում ձեւավորել: Միայն մի բան գիտեմ, որ ուրիշին մրոտելով, ցեխոտելով, ուրիշի հասցեին հայտարարություններ անելով դիվիդենտներ շահել: Սա առաջին եւ վերջին փորձը չէ իր կողմից: Ես չեմ ընդունում այդ ձեւաչափը, ոճը` քննադատելով նախագահին, հնչեցնելով անհիմն արտահայտություններ նրա հասցեին, փորձել դիվիդենտներ շահել: Ես ավելի շատ հակված եմ նրան, որ նա ցանկանում է դառնալ պատգամավոր: Հա չմոռանամ նաեւ ասել, որ եթե ինձ հետ մի բան պատահի, Վիկտոր Դալլաքյանին չմեղադրեք»,-կատակեց Գագիկ Մելիքյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վիկտոր Դալլաքյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոններից եւ պատրաստվում է դուրս գալ ՀՀԿ-ի կազմից եւ մտնել ակտիվ քաղաքական դաշտ։ Նա խիստ արտահայտություններ է արել երկրի իշխանությունների եւ Սերժ Սարգսյանի հասցեին, նաեւ ընդգծելով, որ եթե իրեն կամ իր ընտանիքի անդամների մի բան պատահի, պատասխանատուն իշխանություններն են:




























