Աշխարհում անվտանգության գլոբալ համակարգերը ոչնչացված են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Երեւանում, «ՀԱՊԿ դերը Եվրասիական անվտանգության ամրապնդման գործում» թեմայով կազմակերպված կլոր սեղանի ժամանակ նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Այդքան էլ հեշտ ժամանակաշրջանում չենք ապրում, որովհետեւ մեծ հաշվով անվտանգության գլոբալ համակարգերը ոչնչացված են, աշխարհի առաջատար խաղացողների միջեւ դադարեցված են կապերը, համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի, թմրանյութի անօրինական շրջանառության և այլ մարտահրավերների հարցում»,-ընդգծել է Բորդյուժան:
Նրա խոսքով, իրենք ականատես են լինում մի շարք հակասությունների, երբ օրինակ, «որեւէ պետություն հանդես է գալիս ահաբեկչության դեմ պայքարի դիրքերից, բայց զինամթերք է մատակարարում ահաբեկչական խմբերի»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 14ին Երեւանում կկայանա ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նստաշրջանում կքննարկվեն ՀԱՊԿ նախորդ տարվա գագաթնաժողովների որոշումների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ Կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրված առաջնահերթությունները:
Նիստի օրակարգում ընդգրկված երկու տասնյակ հարցերի շրջանակում կքննարկվեն միջազգային իրավիճակը եւ հավաքական անվտանգության ապահովման արդիական հարցեր, կդիտարկվեն մինչեւ 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության եւ ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ որոշումների նախագծերը, ՀԱՊԿ գործունեության կատարելագործման, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ որոշումների իրականացումը:
Նախատեսվում է մի շարք քաղաքական հայտարարությունների ընդունում: Նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշում կկայացնեն Կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ:




























