ԱՄՆ-ը հետագայում եւս Սիրիայում ահաբեկիչներին կաջակցի, որպեսզի շարունակի ազգային բանակի դեմ պայքարը: Այս մասին հայտարարել է «Հիզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Սեյիդ Հասան Նասրալլահը, փոխանցում է Irna-ն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ համաձայնագրից դուրս է եկել եւ Մոսկվայի հետ քաղաքական կապերը կրճատել է այն բանից հետո, երբ հասկացել է, որ անհնար է «Ջեբհաթ-ան-Նուսրա»-ին տարանջատել մյուս ահաբեկչական խմբավորումներից: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը ցանկանում է «Իսլամական պետության» ահաբեկիչներին կենտրոնացնել Սիրիայի արեւելյան հատվածում, այսինքն՝ Ռաքայում եւ Դեր Զորում, ինչպես նաեւ Իրաքի տարածքի երկայնքով: ԱՄՆ-ը Մոսուլում ձգտում էր ԴԱԻՇ-ի համար ճանապարհ բացել դեպի Սիրիայի Ռաքայի եւ Դեր Զորի նահանգներ, կարծում է նա:
«ԱՄՆ-ը գերակայության է ձգտում: Հալեպի հյուսիսում ԴԱԻՇ-ի ներկայությունն ԱՄՆ-ի համար այլեւս կարեւոր չէ: Ահա թե ինչու են նրանք այդ տարածքը լքել՝ այն թողնելով քրդերին»,- նշել է նա:
Նասրալլահն ընդգծել է, որ ԴԱԻՇ-ի ահաբեկչական խմբավորումները եւ «Ջեբհաթ-ան-Նուսրա»-ն օգտագործվում են Իսրայելի նպատակների իրականացման համար:




























