Աֆղանստանի կառավարական ուժերն իրենց վերահսկողության տակ են վերադարձրել հյուսիսային Քունդուզ քաղաքը՝ «Թալիբան» շարժմանը հարկադրելով նահանջել իրենց նախկին դիրքեր: Այս մասին հայտնում է «Սինհուա»-ն՝ վկայակոչելով ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ «Թալիբան»-ի գրոհայինները ծանր կորուստներ են կրել եւ Քունդուզից հեռացել են, երբ կառավարական ուժերը քաղաքն իրենց վերահսկողության տակ են վերցրել:
Գրոհայինները հոկտեմբերի 3-ին գրավել էին Քունդուզի հիմնական հատվածները: Նա նշել է, որ բախումների ընթացքում ավելի քան 200 թալիբներ են ոչնչացվել, իսկ գրեթե 300-ը վիրավորվել են: Նրա խոսքով՝ «Թալիբան»-ի կողմից քաղաքը գրավելուց հետո 20-ից ավելի ոստիկան է զոհվել, եւս 45-ը վիրավորվել է ռազմական բախման ընթացքում:




























