Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի Գլխավոր քննչական վարչությունից անհետացել են «օրենքով գող» Զախարիա Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) վերաբերյալ նախապատրաստված նյութերը նրա կողմից հանցավոր խումբ ստեղծելու մասին: Դրանք դեռեւս 2015 թվականին մեկ այլ գործից առանձնացվել էին եւ փոխանցվել քննչական բաժնին հետաքննություն սկսելու համար:

Իրավապահ մարմիններում «Ռոսբալտ»-ի աղբյուրն ասել է, որ «հեղինակություն» Անդրեյ Կոչույկովի («Իտալացի» մականունով) գործը տապալելու համար Քալաշովից կաշառք ստանալու մեղադրանքով Դենիս Նիկանդրովին եւ Միխայիլ Մաքսիմեկոյին կալանավորելուց հետո դատախազությունը սկսել է ուսումնասիրել նաեւ այլ նյութեր, որոնց վրա կարող էին իրենց «ձեռքը դնել» Քննչական կոմիտեի այդ երկու աշխատակիցները:

Ստուգողների հետաքրքրությունն են առաջացրել, մասնավորապես, Քալաշովի վերաբերյալ եղած նյութերը: Դրանցում առկա էին 15-ամյա վաղեմության իրադարձություններին առնչվող նյութեր եւ վերաբերում էին մայրաքաղաքի խոշորագույն խաղատների («Կրիստալ» եւ «Գոլդեն փելես») գրավմանը, որն ուղեկցվել էր առեւանգմամբ, սպանությամբ, խարդախությամբ եւ այլն: