Կառավարությունը շահագրգռված է Հայաստանում գործող ընկերությունների հաջող գործունեությամբ ու պատրաստ է ակտիվացնել ջանքերը համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի փոխնախագահ Անդրեյ Ստարկովի եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը ողջունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործունեությունը Հայաստանում` նշելով, որ իրականացվող ծրագրերը նպաստում են երկաթուղային փոխադրումների ոլորտի զարգացմանը եւ մատուցվող ծառայությունների դինամիկ աճ են արձանագրում: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է Հայաստանում գործող ընկերությունների հաջող գործունեությամբ ու պատրաստ է ակտիվացնել ջանքերը համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Անդրեյ Ստարկովը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի ղեկավարության անունից շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք: Ստարկովը կառավարության ղեկավարին ներկայացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործունեությունը, ընթացիկ աշխատանքները, ցուցանիշները եւ զարգացման ծրագրերը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են փոխգործակցության խորացման հեռանկարները, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Վարչապետ Կարապետյանը կարեւորել է տարածաշրջանային ձեւաչափով ծրագրերի նախաձեռնումն ու կյանքի կոչումը, որոնք կնպաստեն տարածաշրջանում հաղորդակցության եւ զբոսաշրջության զարգացմանը: Այս համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման եւ արդիականացման, ուղեւորափոխադրումների ու բեռնափոխադրումների ծավալի ավելացման, ծառայությունների մատչելիության եւ արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ երկկողմ հետաքրրքություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: