Ռուսաստանը մտահոգված է Մոսկվայի եւ Վաշինգթոնի միջեւ հարաբերությունների սառեցումից։ Այս մասին ՎՏԲ բանկի 8-րդ ամենամյա ներդրումային ֆորումի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է RT–ը։

«Մենք մտահոգված ենք ռուս–ամերիկյան հարաբերությունների վատթարացումից, դա մեր ընտրությունը չէ։ Մենք դրան երբեք չենք ձգտել։ Ընդհակառակը, մենք ուզում էինք բարեկամական հարաբերություններ ունենալ նման հսկայական, մեծ երկրի հետ, որը աշխարհի առաջատար տնտեսությունն ունի»,– ասել է ՌԴ նախագահը։ Պուտինի խոսքով՝ հարաբերությունների կարգավորման համար երկրները պետք է հարգեն միմյանց շահերը։

Պուտինը նշել է, որ ԱՄՆ–ում նախընտրական արշավի ժամանակ Ռուսաստանն օգտագործվում է որպես մանրադրամ։

«Ժամանակին Ռուսաստանի մասին ասում էին, որ այն երկրորդական է։ Հիմա ԱՄՆ նախագահական ընտրարշավի ամբողջ խնդիրը Ռուսաստանն է։ Դա, իհարկե, մասամբ հաճելի է։ Թեկնածուները չարաշահում են հակառուսական հռետորաբանությունը եւ թունավորում են հարաբերությունները»,– ասել է Պուտինը եւ նշել, որ Ռուսաստանին ներքաղաքական պայքարում որպես մանրադրամ օգտագործելը շատ անլուրջ է։