Թուրքիայի իշխանություններն ազատ են արձակել ամերիկացի լրագրողուհուն՝ «ռազմական գոտու խախտման համար» երկամսյա կալանքից հետո: Այս մասին գրում է The Guardian-ը:
Լինդսի Սնելը ձերբակալվել էր օգոստոսի 6-ին, թուրք-սիրիական սահմանը հատելիս: Նա պնդել է, որ Սիրիայում ռեպորտաժներ է պատրաստել խաղաղ բնակիչների կյանքի մասին, որոնք տուժել էին Հալեպի եւ Իդլիբի քաղաքամերձ շրջանների ավիահարվածներից, ապա իրեն առեւանգել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները: Շուտով նրան հաջողվել է փախչել, եւ նա Թուրքիա է ուղեւորվել, որտեղ կալանավորվել է:
Լրագրողուհին ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղարությունը իր կալանավորման վերաբերյալ որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել, որով կհերքեր Թուրքիայի մեղադրանքները: Նրա խոսքով՝ նախնական կալանավորման ժամանակ ինքը ահաբեկչության մեջ մեղադրվողի հետ է եղել, այդ թվում՝ ԻՊ-ի ենթադրյալ գրոհայինների:
Սնելը նաեւ նշել է, որ ներկայումս իր գլխավոր մտահոգությունն ամուսնուն է վերաբերում, որը ծագումով Աֆղանստանից է. նրան Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ: Լրագրողուհու ամուսինը Ստամբուլ էր եկել նրա կալանավորման պատճառով եւ ձերբակալվել էր օգոստոսի 22-ին:




























