Այն ամենը, ինչ արվում է ՀԱՊԿ-ի շրջանակում, նպատակ ունի խստորեն եւ անվերապահորեն ապահովել կազմակերպության անդամ-պետությունների անվտանգությունը: Երեւանում սպառազինությունների եւ պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան (ֆոտոռեպորտաժ):
Ըստ Բորդյուժայի՝ այս ուղղությամբ գլխավոր ջանքերն ուղղված են քաղաքական միջոցներով անվտանգության ապահովմանը՝ օգտագործելով պետությունների հսկայական ներուժը, սակայն աշխարհում իրադարձությունների զարգացման տրամաբանությունը խոսում է ուժային ներուժի ամրապնդման անհրաժեշտության մասին: Այդ թվում նա նշել է հավաքական ուժերի կազմավորումը, ինչպես նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների տարածքներում բազաների ստեղծումը: Ամեն ինչ՝ ինքնիշխանության եւ անկախության ապահովման համար:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ այդ ուժերը պետք է ապահովված լինեն ժամանակակից սպառազինություներով եւ տեխնիկայով, այդ պատճառով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդն այդքան ջանք է գործադրում այդ ուղղությամբ: Նրա խոսքով՝ Երեւանում բացված ցուցահանդեսը դրա ապացույցն է:
«Հարկավոր է միասին ստեղծել, մշակել զենքը, սպասարկման կենտրոններ բացել: Հույս ունեմ, որ Հայաստանում այս առաջին ցուցահանդեսը շարունակական կդառնա»,- ասել է Բորդյուժան՝ Հայաստանի պաշտպանության նախարարին շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի կազմակերպչական բարձր մակարդակի համար:




























