«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն, այսօր` հոկտեմբերի 13-ին, հավաքվել են Կառավարության շենքի առջեւ եւ պահանջում են վերագործարկել «Նաիրիտը»:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը՝ համակարգող խմբից Կարինե Շահվերդյանը ասաց. «Գործարար Աշոտ Գրիգորյանը, որը պատրաստ էր ներդրումներ կատարել, իրենց հայտնել է, որ հոկտեմբերի 6-ին հանդիպել է կառավարության ղեկավար կազմի հետ, որի ժամանակ իրեն խորհուրդ չեն տվել մտնել «Նաիրիտի» լծի տակ: Մատնացույց են արել այն բարդություններն ու խնդիրները, որոնք լուրջ խոչընդոտներ են ստեղծում ներդրողի համար»: Այս փաստը վրդովվեցրել է նաիրիտցիներին:

Ինչ վերաբերում է իրենց հետագա քայլերին, Կարինե Շահվերդյանն ասաց, որ դեռ քննարկում են, թե ինչպիսին կլինեն իրենց հետագա գործողությունները, որպեսզի հասնեն «Նաիրիտի» վերագործարկմանը:

Նաիրիտցիները կառավարության մոտից երթով շարժվեցին դեպի ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ իրենց բողոքը նաեւ այտեղ հայտնելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ «ԵՄ-Ասիա» հոլդինգի նախագահ, դոկտոր Աշոտ Գրիգորյանը մեկ շաբաթ առաջ հանդիպել է «Նաիրիտի» աշխատակիցների հետ եւ հայտնել, որ ցանկություն ունի 2 մլրդ դոլարի ներդրում անել «Նաիրիտում»: Այս մասին NEWS.am-ին հայտնել էին «Նաիրիտի» աշխատակիցները: