ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստը շատ կարեւոր է կազմակերպության համար: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: Հիշեցնենք, որ նիստը կայանալու է հոկտեմբերի 14-ին, Երեւանում:
«Նիստին կմասնակցեն կազմակերպության անդամ բոլոր պետությունների ղեկավարները՝ բացառությամբ Ղազախստանի: Ցավոք, Նուրսուլթան Նազարբաեւը հիվանդ է: Ղազախստանը կներկայացնի վարչապետը: Ներկա կլինեն նաեւ արտաքին գործերի, պաշտպանության նախարարները, անվտանգության խորհուրդների քարտուղարները: Ամեն տարի արդյունքներն ամփոփելու, նոր ուղղություններ նախանշելու անհրաժեշտություն կա: Նիստի օրակարգում նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է»,- նշեց դեսպանը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուների անունները ճշտելու փորձերին դեսպանը կատակով պատասխանեց. «Երբ ընտրեն, ձեզ կտեղեկացնեն: Մի մտահոգվեք, կարծում եմ՝ լրագրողներն առաջինը կիմանան ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի մասին»:




























