Անհրաժեշտ է ազատվել այն գերատեսչություններից եւ դրանց տնօրեններից ու այլ ատրիբուտներից, որոնց անհրաժեշտությունը չկա: Այս մասին հոկտեմբերի 13-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նիստում որոշում է ընդունվել Քաղաքաշինության նախարարությունը կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի վերակազմավորելու մասին: Աշխատակիցների հաստիքները կկրճատվեն. կխոշորացվեն գերատեսչության ապարատի 7 ստորաբաժանումներ, 11 տեսչություններ (10՝ մարզերում եւ 1՝ Երեւանում):
«Եկեք ոչ թե օպտմալացման մասին խոսենք, այլ կտրուկ կրճատման: Առաջին՝ կրճատում ենք, երկրորդ՝ պարզեցնում: Պետք է վերանայվեն պետական կազմակերպությունները, ավելորդ կառույցները, ծրագրերի իրականացման բյուրոները: Իրականացման բյուրոները, այսպես, թե այնպես, մենք պատրաստվում ենք վերացնել: Իսկ պետական ոչ կոմերցիոն կազմակերպությունները կա՛մ կկենտրոնացնենք, կա՛մ դրանցից հրաժարվենք: Դրանց տնօրեններին եւ այլեւայլ ամբողջ ատրիբուտները կմաքրենք»,- ընդգծել է վարչապետը:




























