Գերմանիայի Լեեր քաղաքում գերմանահայ Ալբերտ Թովմասյանի նախաձեռնությամբ մեծ հանդիսավորությամբ նշվել է Երեւանի ծննդյան 2798-ամյակը:

Վերջինս NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Երեւանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումը նշանավորվել է գերմանական այս քաղաքի կենտրոնական այգու՝ Ինզելգարդենի նորաստեղծ Հայկական պուրակում Երեւան-Լեեր բարեկամությունը խորհրդանշող 6 նստարանների տեղադրմամբ, որոնք Լեերին է նվիրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Տոնական միջոցառմանը մասնակցել են Լեերի փոխքաղաքապետ Բրունո Շախները, Լեերի մարզպետ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մաթիաս Գրոոթեն, բեմենցի հայագետ Լոխեն Մանգելսեն,Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, բազմաթիվ գերմանահայեր ու գերմանացիներ։

Հայաստանից բերված նստարաններից երկուսը տեղադրվել է քաղաքապետարանի բակում: Նստարանների պաշտոնական բացումից հետո, տեղի է ունեցել տոնական մեծ միջոցառում, որը մեկնարկել է «Էրեբունի-Երեւան» տորթը կտրելով:

Հայտնի հայ մարզիկներ Արթուր Աբրահամը, Հենրիկ Մխիթարյանը եւ Լեւոն Արոնյանը նվերներ են հանձնել: Մ«ասնավորապես, Արթուր Աբրահամը բռնցքամարտի ձեռնոցներ է նվիրել տեղի բռնցքամարտի ակումբին, Հենրիխ Մխիթարյանը 11 «Դորտմունդ»-ի 11 մարզաշապիկ է նվիրել քաղաքի ֆուտբոլի մանկական  ակումբին, որտեղ նաեւ հայ երեխաներ կան, իսկ Լեւոն Արոնյանը երկու շախմատ է նվիրել քաղաքի շախմատի տանը, TGG գիմնազիային:

Միջոցառումն ավարտվել է հայկական խորովածով, հայկական երգ ու պարով եւ ավտոմեքենաների շքախմբի երթով:

Ի դեպ նշենք, որ դեռ մեկ տարի առաջ Լեեր քաղաքում բնակվող միակ հայ ընտանիքի՝ Թովմասյանների ջանքերով նույն վայրում տեղադրվել է նաեւ հայկական խաչքար՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։