Հայաստանի եւ Ռուսաստանի քաղավիացիաների միջեւ արդեն բաց երկնքի քաղաքականություն է գործում: Այս մասին հոկտեմբերի 14-ին Երեւանում Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի եւ Հայ-ռուսական միջտարածաշրջանային 5-րդ համաժողովի բացմանը հայտարարեց ՌԴ տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը:  

Նրա խոսքով՝ դա օգնում է ազատականացնել երկու պետությունների միջեւ ավիափոխադրումները: Ինչ վերաբերում է ավտոմոբիլային փոխադրումներին, ապա Եվրասիական միությունն այս դեպքում նույնպես օգնում է պարզեցման եւ արդյունավետության բարձրացման գործընթացներին:

Քննարկվում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ցամաքային հաղորդակցության հիմնական կետի՝ «Վերին Լարս» հսկիչ անցակետի թողունակությունն ընդլայնելու հետ կապված հարցեր: Անցյալ տարի էլ առաջին անգամ այնտեղ սկսեց գործել առանձին ճանապարհագիծ՝ Եվրասիական միության երկրներից ավտոմեքենաների համար:

«Համակարգված աշխատանք է տարվում նաեւ երկաթուղային փոխադրումների արդյունավետության բարձրացման ուղղությամբ»,- ամփոփել է Սոկոլովը: