ՌԴ համապատասխան կառույցներն աշխատում են արտակարգ ռեժիմով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Երեւանում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը՝ անդրադառնալով Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսին ողբերգական վթարին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ցավ հայտնելով հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Օսիայիում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի առնչությամբ՝ ՌԴ տրանսպորտի նախարարն ընդգծել է, որ իրականացվում է անհրաժեշտ ամեն ինչ՝ վթարից տուժած ուղեւորներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։

Շնորհակալություն հայտնելով օգնության եւ զորակցության համար՝ Վահան Մարտիրոսյանը նշել է, որ այս պահին աշխատանքներ են տարվում վթարված ավտոբուսի ուղեւորներին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ։

Նշվել է նաեւ, որ տեղում աշխատանքները կանոնակարգելու համար վթարի վայր են մեկնում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի եւ ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալները։

Մաքսիմ Սոկոլովն ընդգծել է, որ տեղի ունեցածը լուրջ ահազանգ է եւ պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն միջպետական ուղեւորափոխադրումների անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկու երկրների միջեւ բեռնափոխադրումների ակտիվացման, Վերին Լարսի ճանապարհին առաջ եկող խնդիրների դեպքում այլընտրանքային երթուղիների հնարավորությունները։