Ռուսական Polymetal-ը մտադիր է ավելացնել Հայաստանում ոսկու արդյունահանումը երկրի հարավում Լիչկվազի ոսկու հանքի շահագործման հաշվին։ Այս մասին NEWS.am -ի թղթակցին հայտնել «Պոլիմետալ» ընկերության նախագահ Իգոր Ֆինոգենովը։

Հայաստանում իր աշխատանքը սկսելուց հետո ընկերությունը 84 տոկոսով ավելացրել է ոսկու արդյունահանումը, իսկ եթե հաշվարկենք մաքուր մետաղով՝ արդյունահանումը կրկնապատկվել է։

2017-ին նախատեսված է արդյունահանման մակարդակի կտրուկ ավելացում։ 2016-ի մարտ-հունիս ամիսներին ընկերությունը վերամշակել է (հիմնականում Կապանի հանքավայրում) 64 հազար տոննա հանքանյութ (այսինքն միջինը ամսական 16 հազար տոննա ), իսկ մինչեւ 2017-ի 2-րդ կիսամյակ ( այսինքն մեկ տարում) ուզում է հասնել ամսական 50 հազար տոննայի։

Դրան կօգնի նաեւ Լիչկվազը։ Հիմա այնտեղ մաքրման աշխատանքներ են ընթանում ու նախապատրաստում են ենթակառուցվածքը։ Երբ կհասնեն հանքաքարին, դա միանգամից կավելացնի ապրանքային ոսկու թողարկման հնարավորությունները»,- հավելել է Ֆինոգենովը։

Նրա խոսքով թանկարժեք ու գունավոր մետաղերի շուկայում ներկա կոնյուկտուրան ընկերության համար ձեռնտու է։ «Իհարկե լավ է, եթե ոսկու գինը բարձրանա։ Բայց ներկա գինն էլ, եթե համեմատենք այն մեր ծախսերի մակարդակի հետ, թույլ է տալիս պահպանել այն ռազմավարությունը, որը մենք ընտրել էինք շուկա մտնելիս»- հավելել է նա։

Ընկերությունը մտադիր չէ հեռանալ իր հիմնական գործունեությունից ու կսահմանափակվի հանքաքարի արդյունահանումով։ Թանկարժեք մետաղների զտումը կամ մաքուր պղնձի ձուլումը ավելի լավ է թողնել մասնագիտացած ընկերությունններին, հավելեց նա։

Հիշեցնենք, որ Polymetal –ը 2016-ի մարտին Կապանի հանքավայրի նկատմամբ իրավունքները ձեռք էր բերել կանադական Dundee Precious Metals ընկերությունից։ Գործարքի արժեքը 25 մլն դոլար է, այդ գումարից ընկերությունը մինչեւ 1-ին կիսամյակը մուծել է 9 մլն դոլարը։ 2007-2008 ու 2010-2011 թթ Dundee Precious Metals –ը հանքավայրում իրականացնում էր նախնական հետազոտություն, որը շարունակում է Polymetal–ը։

Լիչկվազի ոսկու հանքավայրը Pօlymetal–ը ձեռք է բերել 2015-ին, մեկ այլ ռուսական ընկերությունից, «Նեւա Ռուս»-ից։

2016-ի 1-ին կիսամյակի տվյալներով Polymetal –ը Կապանի հանքավայրոում վերամշակել է 64 հազար տոննա հանքաքար, իսկ մետաղական խտանյութերով՝ եթե վերահաշվարկենք մաքուր մետաղով, արդյունահանվել է 3․4 հազար ունցիա ոսկի, 100 հազար արծաթ, 139 տոննա պղինձ ու 705 տոննա ցինկ։