Սեւ ծովի հատակով «Թուրքական հոսք» գազատարի կառուցման ավարտի ժամկետը համապատասխանեցվել է Ուկրաինայի տարածքով գազի տարանցման պայմանագրին, որն ավարտվում է 2019 թվականի դեկտեմբերին: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Ներկայում Ռուսաստանից Թուրքիա գազը մատակարարվում է Սեւ ծովի հատակով անցնող «Երկնագույն հոսք» գազատարով եւ Ուկրաինայի, Ռումինիայի ու Բուլղարիայի տարածքներով անցնող Անդրբալկանյան գազատարով:

«Ինչ վերաբերում է «Թուրքական հոսք»-ին, Ռուսաստանից Սեւ ծովի հատակով գազատար ենթակառուցվածքների շինարարության մասին միջկառավարական համաձայնագրի համաձայն՝  նախագծի իրականացման ժամկետն է 2019 թվականի դեկտեմբերը, այսինքն՝ մինչեւ 2019-ի վերջը ենթակառուցվածքը կառուցված կլինի: Դա լիովին համապատասխանեցված է նաեւ այն պայմանագրին, որը գործում է «Գազպրոմ»-ի եւ Ուկրաինայի «Նավթոգազ»-ի միջեւ: Հայտնի է, որ Ուկրաինայի  հետ պայմանագիրը գործում է մինչեւ 2019-ի վերջը»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Նովակը:

Ռուսաստանը եւ Թուրքիան հոկտեմբերի 10-ին «Թուրքական հոսք» նախագծի իրականացման միջկառավարական համաձայնագիր են ստորագրել: Համաձայնագրով նախատեսվում է Սեւ ծովի հատակով մայրուղային գազատարի երկու ճյուղերի կառուցում, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը 15,75 միլիարդ խորանարդ մետր է: Միջկառավարական համաձայնագրով նաեւ որոշվել է այդ երկու ծովային ճյուղերի կառուցման ժամկետը՝ 2019 թվականի դեկտեմբեր: